Ի՞նչ հանգամանքներ պետք է հաշվի առնել, եթե ցանկանում եք ներդրումային գույք գնել Երևանում
Անշարժ գույք գնելը լուրջ և պատասխանատու քայլ է, հատկապես այն դեպքում, երբ խոսքը ներդրումային գույքի մասին է: Անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե որքանով է արդարացված տվյալ ներդրումը, ուստի ներկայացնենք մի քանի խորհուրդ, թե ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարելիս:
Գույքի գտնվելու վայրը և հարակից կառույցները
Անկախ նրանից, գույքը գնում եք ձեր բնակության, թե վարձակալության տրամադրելու նպատակով, անպայման հաշվի առեք ոչ միայն շինության և բնակարանի դիրքը, այլև հարակից օբյեկտները: Կարևոր է, որ մոտակայքում լինեն խանութներ, դեղատներ, դպրոցներ ու մանկապարտեզ, գործող հասարակական տրանսպորտ: Այս ամենը մի քանի անգամ կհեշտացնի կյանքը և կբարձրացնեն գույքի արժեքը նաև այն դեպքում, երբ որոշեք վարձակալության տրամադրել գույքը: Այս առումով ամենից հարմարը Երևանի կենտրոնն է, որտեղ գործում են պետական նշանակության ենթակառուցվածքներ, ժամանցային ու մշակութային օբյեկտներ, բիզնես կենտրոններ: Նշված հանգամանքները հուշում են, որ Երևանի կենտրոնը ամենաշահավետ տարբերակն է ներդրումային գույքի ձեռքբերման համար:
Անշարժ գույքի վիճակը
Անպայման ուշադրություն դարձրեք գույքի վիճակին. վերանորոգված է, թե ոչ, ինչպիսի վերանորոգում ունի: Եթե մտադիր եք ամբողջովին վերափոխել ձեռք բերվող գույքը, ապա ավելի շահավետ կլինի գնել պետական վիճակում գտնվող գույքը: Եթե վերանորոգման ծախսեր չեք նախատեսում, ապա ճիշտ կլինի գնել բարվոք վիճակում գտնվող վերանորոգված գույք, որը թեև փոքր-ինչ թանկ կլինի, քան պետական վիճակում գտնվողը, սակայն կազատի ձեզ հետագա ծախսերից դեռ մի քանի տարի:
Գույքի վիճակից բացի, կարևոր է շինության և հարակից կառույցների վիճակը: Եթե ձեր ընտրած գույքը բարվոք վիճակում է, իսկ ընդհանուր շենքը, որում գտնվում է, կամ հարակից կառույցները հին և անմխիթար վիճակում են, ապա ձեր գույքը նույնպես բարձր չի գնահատվի, երբ ցանկանաք վարձակալության տրամադրել այն կամ վաճառել:
Գույքի իրավական կարգավիճակը
Ստուգե՛ք, արդյոք գույքն ունի՞ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, շինության թույլտվությունը, սեփականության վկայականը և այլն: Կարևոր է պարզել՝ առկա չե՞ն արդյոք իրավական խնդիրներ, կամ գույքը չի՞ գտնվում կալանքի տակ: Եթե ինքնուրույն կդժվարանաք ստուգել նշվածները, ապա ճիշտ կլինի դիմել անշարժ գույքի ոլորտում իրավական խորհրդատվություն մատուցող մասնագետների:
Գույքի ներկա արժեքը, պոտենցիալ գնաճն ու եկամտաբերությունը
Կարևոր է հաշվի առնել գույքի արժեքը գնման պահին և կանխատեսել, թե արդյո՞ք այն կավելանա հետագայում: Արժե գույք ընտրել քաղաքի այնպիսի շրջանում, որտեղ զարգանում են հանրապետական նշանակության կառույցներ, ժամանցային, առևտրային ու բիզնես կենտրոններ: Այդպիսի վայրերում գնված անշարժ գույքի արժեքը ոչ հեռու ապագայում կբարձրանա, իսկ դրա հետ մեկտեղ կաճի նաև եկամտաբերությունը:
Եթե կանխատեսվում է, որ տվյալ տեսակի կամ տվյալ վայրում գտնվող գույքը որոշ ժամանակ անց ավելի մեծ արժեք կունենա, ապա համարձակորեն գնեք այն: Գնաճը կանխատեսելուց զատ փորձեք հաշվարկել, թե ինչպիսին կլինի ձեր եկամուտը տվյալ գույքը հետագայում վարձակալության տրամադրելու կամ վաճառելու դեպքում:
Նախատեսվող ծախսերը
Ծախսերը միայն գույքի գնմամբ չեն սահմանափակվում: Բացի գույքի արժեքից ու գործարքի հետ կապված վճարումներից, հնարավոր է անհրաժեշտ լինի նաև անշարժ գույքի վերանորոգում, կահավորում՝ նախքան վարձակալության հանձնելը կամ վերավաճառելը:
Ուստի նախքան գույքը գնելն ոսումնասիրեք նաև, թե ինչպիսի հավելյալ ծախսեր են սպասվում անշարժ գույքը ձեռք բերելուց հետո, և արդյոք դրանք տեղավորվում են ձեր ֆինանսական կանխատեսումներում: Հավելյալ ծախսերի թվում են նաև գույքահարկը, կոմունալ վճարումները, ապահովագրությունը և այլն:
Ունե՞ք անհրաժեշտ գումար, թե՞ անհրաժեշտ է ֆինանսավորում
Միշտ չէ, որ անշարժ գույքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը ձեռքի տակ է լինում: Եթե այդպես է, ապա նախքան գույքը գնելն ուսումնասիրեք հիպոթեքային վարկավորման տարբերակը կամ ֆինանսավորման ու համաֆինանսավորման այլ հնարավորությունները, ծանրութեթև արեք՝ արդյո՞ք այդ տարբերակները համապատասխանում են ձեր ֆինանսական դրությանը:
Շուկան և մրցակցությունը
Ներդրումային գույքի ձեռբերման դեպքում կարևոր է վստահ լինել, որ տվյալ գույքը մրցունակ է և պահանջված: Նախքան գործարքը կատարելը մի լավ ուսումնասիրեք անշարժ գույքի շուկան այնտեղ, որտեղ նախատեսում եք գույք գնել: Ուսումնասիրեք նաև համանման գույքի արժեքն ու լավ վերլուծեք առաջարկը: Եթե դժվարանում եք ինքնուրույն ուսումնասիրել շուկան և եզրահանգումներ անել, ապա դիմեք ոլորտի փորձագետներին:
Գույքի անցյալն ու ապագան
Կարևոր է ուսումնասիրել նաև այն հանգամանքը, թե նախկինում քանի սեփականատեր է ունեցել գույքը, ինչու են վաճառել այն նախկինում (գուցե եկամտաբեր չի եղել, իրավական խնդիրներ են եղել և այլն): Հետաքրքրվեք, թե մոտ ապագայում ինչ պլաններ կան տվյալ գույքի կամ շրջակայքի հետ կապված. մոտ ապագայում նոր շինություններ և հասարակական օբյեկտներ կառուցվելու են, թե ոչ:
Եզրահանգում
Սրանք այն հիմնական հարցերն էին, որոնք հստակեցնելու դեպքում հնարավոր է կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել ներդրումային անշարժ գույք ձեռք բերելիս: Այն դեպքում, երբ ինքնորույն դժվարանում եք ուսումնասիրել խնդիրը, արժե դիմել ոլորտի փորձառու մասնագետների խորհրդատվությանը՝ վստահ լինելու համար, որ ձեր ներդրումներն ապահով են ու արդյունավետ: