
Անշարժ գույքի արժեքը Հայաստանում
Հայաստանյան անշարժ գույքի շուկան շարունակում
է ակտիվ ու պահանջված լինել վերջին տարիներին, և այդ ակտիվությունն ու պահանջարկն անշուշտ
անդրադառնում են նաև անշարժ գույքի արժեքի վրա՝ գրանցելով շարունակական գնաճ: Խոսենք
այս պահանջված թեմայի վերաբերյալ՝ անդրադառնալով անշարժ գույքի վաճառքի գներին ըստ
գույքի տեսակի:
Բնակելի անշարժ գույք՝ բնակարաններ բազմաբնակարան շենքերում
Բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի արժեքը կախված է հիմնականում գույքի վիճակից և գտնվելու վայրից: Երևանում, օրինակ, կենտրոնական և հեղինակավոր թաղամասերում գտնվող բնակարանների արժեքը կարող է տատանվել մեկ քառակուսի մետրը 1500-2000 ԱՄՆ դոլարի սահմաններում՝ սովորական բնակարանների դեպքում, իսկ էլիտար, բարձրակարգ նորակառույցներում և բնակելի համալիրներում, որտեղ առկա է անվտանգության բարձր մակարդակ և զարգացած ենթակառուցվածքներ, բնակարանի 1 քմ արժեքը 2000-10.000 ԱՄՆ դոլարի է հասնում:
Երևանի այլ թաղամասերում գտնվող բնակարանների մեկ քառակուսի մետրը կարող է տատանվել 800-1200 ԱՄՆ դոլարի սահմանում, ծայրամասերում՝ ավելի մատչելի: Հայաստանի այլ քաղաքներում մեկ քառակուսի մետրի արժեքը բավական մատչելի է՝ 300-500 դոլարին համարժեք:
Կոմերցիոն գույքի արժեքը Հայաստանում
Կոմերցիոն անշարժ գույքի դեպքում նույնպես գտնվելու վայրը մեծ դեր ունի գնագոյացման հարցում: Երևանի ոչ կենտրոնական հատվածներում գտնվող գրասենյակային և առևտրային տարածքները կարող են արժենալ 1 քմ 1000-1500 ԱՄՆ դոլար: Երևանի կենտրոնի կոմերցիոն գույքը կարող է արժենալ 1 քմ 2000-3000 դոլար և ավելի: Նշենք, սակայն, որ այս դեպքում խոսքը բարձրակարգ գույքի մասին է՝ բիզնես կենտրոններ կամ առանձին տարածքներ, որոնք ունեն բարձրակարգ վերանորոգում և հարդարում, տեխնիկա, անվտանգություն:
Կոմերցիոն տարածքների դեպքում նույնպես մարզերում ավելի ցածր արժեք է՝ մոտավորապես 500 դոլար մեկ քառակուսի մետրի համար:
Առանձնատների արժեքը Հայաստանում
Հայաստանում առանձնատների կարելի է հանդիպել թե՛ քաղաքների ծայրամասերում ու գյուղական համայնքներում, և թե՛ մայրաքաղաքի կենտրոնում: Երևանում առանձնատների արժեքը կարող է սկսել 200.000 ԱՄՆ դոլարից: Քաղաքի հեղինակավոր թաղամասերի և կենտրոնի առանձնատների արժեքը կարող է սկսել 500.000 դոլարից՝ հասնելով մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի: Սրանք սովորաբար բարձրակարգ, էլիտար առանձնատներն են՝ բարձրակարգ հարդարմամբ ու կահույքով, մեծ հողատարածքով, ավտոտնակներով, լողավազանով և այլ ժամանակակից հարմարություններով:
Հայաստանի այլ խոշոր քաղաքններում, ինչպիսին են օրինակ Վանաձորը, Գյումրին, առանձնատների արժեքն սկսվում է 50.000 դոլարից, այլ քաղաքներում ու գյուղերում առանձնատներն ավելի մատչելի են:
Ամփոփենք
Հայաստանում անշարժ գույքի արժեքը կախված է գույքի տեսակից և գտնվելու վայրից: Երևանի կենտրոնական ու հեղինակավոր թաղամասերում գտնվող էլիտար գույքը՝ բնակելի թե կոմերցիոն, զգալիորեն ավելի թանկ արժե քաղաքի այլ թաղամասերում գտնվող գույքից: Միևնույն ժամանակ կենտրոնական թաղամասերի էլիտար գույքն առանձնանում է անհամեմատ բարձրակարգ չափանիշներով և հարմարություններով:
Առանձնատների արժեքը նույնպես տատանվում է մեծ տիրույթում, ինչը առանձնատուն գնել ցանկացողներին հնարավորություն է տալիս ընտրել սեփական ֆինանսական միջոցներին ու նպատակներին համապատասխան գույք:

